Նորվեգիայում անհետացել են Էդվարդ Մունկի կտավներից վեցը
Dagbladet թերթի լրագրողները պարզել են, որ Նորվեգիայում Սթեներսենի հավաքածուից անհետացել է հայտնի նորվեգացի էսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վրձնին պատկանող վեց գրաֆիկական աշխատանք:
Նկարների բացակայությունը հայտնաբերվել է մյուս կտավների անհետացման հետաքննության ժամանակ: Ենթադրվում էր, որ դրանք պահվում էին թանգարանի պահեստում, սակայն հետաքննության ժամանակ կտավները գտնել չի հաջողվել:
2010 թվականից այդ նկարների համար պատասխանատվությունը կրում է Օսլոյում գտնվող Մունկի թանգարանը, որի ղեկավարությունը մեկ տարի առաջ հայտնել էր նկարչի աշխատանքներից 26-ի անհետացման մասին: Այս պահի դրությամբ թանգարանից անհետացել է առնվազն 47 նկար, որոնցից 34-ը պատկանում են Մունկի վրձնին:
Թանգարանի տնօրեն Ստեյն Ուլաֆ Հենրիքսենը չի կարողացել բացատրել, թե ինչու հայտնի նկարչի կտավների անհետացման մասին առայժմ հայտնի չի եղել: Մունկի եղբոր ծոռնուհին՝ Էլիզաբեթ Մունկ-Էրիքսենը «արվեստի տեսանկյունից արժեքավոր» այս կտավների կորուստը «զայրացուցիչ» միջադեպ է անվանել: