Պուտինը նշել է, թե որոնք են անցնող տարվա գլխավոր իրադարձությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մեծ թատրոնում Նոր տարվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ընթացքում հայտարարել է, որ անցնող տարին յուրահատուկ էր և տարբեր յուրաքանչյուրի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ միջոցառման շրջանակներում երկրի ղեկավարը թվել է նաև 2018-ի գլխավոր իրադարձությունները:
Երկրի ղեկավարի խոսքով՝ անցնող տարին «յուրահատուկ էր և տարբեր բոլորի համար»: «Այնուամենայնիվ եղել է այն, ինչ միավորում է մեզ բոլորիս. խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս», - նշել է Պուտինը: Այդ իրադարձությունների թվում նա նշել է Ղրիմի կամրջի բացումը, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Պուտինը հատուկ երախտագիտություն է հայտնել Կամավորների տարվան մասնակցած մարդկանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողներին մարտական առաջադրանքների իրականացման ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ հետ, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Բորիս Ելցինի այրի Նաինա Ելցինան: