Դիարբեքիրի հայերը այս տարի չեն կարողանա Սուրբ ծնունդը նշել եկեղեցում
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի հայ համայնքն այս տարի սուրբծննդյան տոնը հայկական եկեղեցում նշել չի կարողանա, այս մասին տեղեկանում ենք Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական պարբերականից:
Նշվում է, որ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու տարածքը մինչ օրս գտնվում է անանցանելի գոտում: Պոլսո Հայոց պատրիարքարանն անվտանգության նկատառումներով նախընտրել է այս տարի էլ սուրբծննդյան պատարագ չմատուցել այստեղ:
Աղբյուրը նշում է, որ Դիարբեքիրի հայությունը կայցելի տեղի գործող ասորական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձավոր Արևելքում: Երկար տարիներ այն լքված է եղել: 2011-ին տարբեր երկրներում հայկական սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ (շուրջ 700 000 դոլար է հավաքվել) եկեղեցին վերականգնել են և վերաբացել ծխականների համար:
Եկեղեցին կրկնակի տուժել է Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ ապստամբների միջև 2015-ին սկսված բախումների ժամանակ: