Թուրքիայում 15-ամյա գողը սպանել է թոշակառու ուսուցչին ու սելֆի արել դիակի հետ
Թուրքիայի Մերսին քաղաքում 15-ամյա դեռահասը փորձել է 67-ամյա թոշակառու ուսուցչի տունը թալանել, սակայն հանդիպելով դիմադրության՝ սպանել է տարեց տղամարդուն ու սելֆի արել նրա դիակի հետ, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Աղբյուրը նշում է, որ 15-ամյա Յուսուֆ Գ.-ն մոտեցել է տան դռանն ու զանգի կոճակը սեղմել, տանը միայնակ բնակվող Իբրահիմ Յուրյումեզը բացել է դուռը, ինչից հետո դեռահասը հրել է թոշակառու ուսուցչին ու ներխուժել տուն: Նա փորձել է տնից դուրս հանել սրահում գտնվող հեռուստացույցը, սակայն հանդիպելով դիմադրության՝ դանակահարել է տղամարդուն:
Մինչ հեռուստացույցը տանելը նա հասցրել է սելֆի անել իր զոհի դիակի հետ:
Տղան դեպքի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր է ուղարկել ընկերներին: Յուսուֆ Գ.-ի ընկերներից մեկը տեղյակ է պահել ոստիկանությանը կատարվածի մասին, ինչից կարճ ժամանակ անց անչափահաս հանցագործին գտել ու ձերբակալել են: