Կարո Փայլանին կրկին ցանկանում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել
Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ խորհրդարան է ներկայացվել 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն՝ նրանց դեմ բացված դատական գործերի հիման վրա: Աղբյուրը չի մանրամասնում դատական գործերի շրջանակում քաղաքական գործիչներին առաջադրված մեղադրանքների մասին:
Նշվում է, որ խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովի հաստատումից հետո միջնորդությունը կուղղվի Արդարադատության նախարարություն՝ վերջնական հաստատման համար:
Ութ պատգամավորներից 6-ը Փայլանի կուսակիցներն են, նրանց թվում է նաև կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը: