Էրդողանը կայցելի Մոսկվա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքական պատվիրակությունը դեկտեմբերի 29-ին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:
«Մեր պատվիրակությունը շաբաթ կայցելի Մոսկվա՝ քննարկելու Եփրատի արևելքում նախատեսված արշավը և ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից», - ասել է Չելիքը:
Աղբյուրը նշում է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր մոտակա օրերին Մոսկվա այցելելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրության մասին՝ նրա հետ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար: Նրա խոսքով՝ իր այցելության նախօրեին Ռուսաստան կայցելի թուրքական պատվիրակությունը: Մոսկվա այցելելու մտադրության մասին նախօրեին հայտնել էր նաև երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ռազմարշավ սկսել սիրիական Մանբիջում՝ ընդդեմ քրդական զորամիավորումների, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի այնտեղից: Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո նա որոշել էր հետաձգել ռազմարշավի մեկնարկը:
Նույն հեռախոսազրույցից հետո Թրամփը որոշում էր կայացրել Սիրիայից դուրս բերել ամերիկյան զորքերը: