Լիլիթ Մակունցի «կերպարանափոխությունը». հուլիսին նա անհրաժեշտ էր համարում Մշակույթի նախարարության գոյությունը (տեսանյութ)
Մշակույթի նախարարի պաշտոնակատար, 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու Լիլիթ Մակունցը պաշտոնն ստանձնելուց մի քանի ամիս անց՝ հուլիսին, անհրաժեշտ է համարել Հայաստանում մշակույթի նախարարության գոյությունը։ Սակայն վերջին շրջանի իր հարցազրույցներում Մակունցը փոխել է իր տեսակետը և ակտիվորեն լծվել նախարարությունների օպտիմալացման քարոզին՝ կառավարման արդյունավետ համակարգ ունենալու համար։
Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերությամբ հուլիսի 10-ին եթեր հեռարձակված «Կեսգիշերն անց» հաղորդման ընթացքում հեղինակ Արթուր Բախտամյանը այն ժամանակ նախարար Մակունցին ուղիղ հարցնում է՝ անհրաժեշտ է արդյոք Հայաստանին մշակույթի նախարարություն, ինչին Մակունցը նույնքան ուղիղ, հստակ դրական պատասխան է տալիս (12։00 րոպեից).
«Ես կարծում եմ՝ ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությանը պետք է մշակույթի նախարարություն առնվազն այն կտրվածքով, որ մեզ պետք է ժառանգության պահպանության և պետական հոգածության հարց։ Այդ առումով մշակույթի նախարարությունը կարող է, ունի շատ կարևոր դեր կատարելու։ Այլ հարց է, որ պետք է արդյունավետ մեխանիզմներ մշակվեն, որ լիարժեք իրացվի այդ հոգածությունը։ Բայց վստահաբար պետք է»։
Այժմ, սակայն, Լիլիթ Մակունցն իր տարբեր հարցազրույցներում, խոսում է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար Մշակույթի նախարարության օպտիմալացման անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ կառավարման համակարգն ուռճացված է։
«Կառուցվածքային առումով, իսկապես, կա աշխատանքներն արդյունավետ դարձնելու խնդիր», - Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ ասել է Մակունցը։