Թուրք ազգայնական գործիչ Փերինչեքի կուսակցությունը պահանջում է փակել Թուրքիայի քրդամետ կուսակցությունը
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի հիմնած «Հայրենիք» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով փակել Թուրքիայում գործող քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ազգայնականները մեղադրել են քրդամետ կուսակցությանն անջատողականության, հայրենիքի դավաճանության և երկրի անկախության դեմ գործողությունների ծավալման համար:
Հայցը դատարան ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Նուսրեթ Սենեմը:
Ավելի վաղ կուսակցության նախագահ Փերինչեքը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ կփակի այդ կուսակցությունը, եթե նախագահ ընտրվի:
Հիշեցնենք, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը 2016 թվականից գտնվում են բանտում ՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցելու մեղադրանքով: