Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրամը մեկնարկում է 2019-ի Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը եւ ներգրավվել երիտասարդ գիտնականների:
Ծրագիրը հնարավորություն կտա մինչեւ 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում եւ աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաեւ ՀՀ այլ գիտական հաստատություններում եւ գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Դրամաշնորհի տեւողությունը մեկ ամիս է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի եւ օրապահիկի ծախսերը:
Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. փետրվարի 15–ն է:
Հաղթող դիմորդը հայտնի կդառնա 2019 թ. մարտի 1-ին:
Ծրագրի ավարտին դիմորդը պարտավոր է հանդես գալ զեկույցով եւ ներկայացնել մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումը:
Ծրագրի շրջանավարտը պարտավորվում է նաեւ ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գիտական հոդվածի տեսքով ներկայացնել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը: Հոդվածը կարող է հրատարակվել ՀՑԹԻ կողմից լույս տեսնող International Journal of Armenian Genocide Studies գիտական ամսագրում:
Հաղթող դիմորդի հետ ծրագրի ընթացքում կազմակերպվելու է կլոր-սեղան քննարկում ոլորտի հայաստանյան մասնագետների եւ ՀՑԹԻ գիտաշխատողների հետ:
Ծրագրի մեկնարկը 2019 թ. ապրիլի 1:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
- ինքնակենսագրություն,
- ուսումնասիրության համառոտ նկարագիր,
- հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում),
- համալսարանական երկու դասախոսների հանձնարարական,
- դիմումաձեւ:
Հաղթողին որոշելու է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհուրդը:
Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը հիմնադրվել է 2010 թ., մինչ օրս ունեցել է 12 հաղթող: Մանրամասների համար այցելել՝
Ռաֆայել Լեմկինի մասին
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը (1900-1959 թթ.) ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաեւ մասնակցել է 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը:
Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել նաեւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը:
Դեռեւս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Լվովի համալսարանում ուսանելիս նա տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ: Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու եւ այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնամուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին: