Պուտինը հրամանագիր է ստորագրել ՀԱՊԿ-ի կանոնադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պայմանագրում և կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ արձանագրությունները: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն:
Արձանագրության նախագծի համաձայն՝ ՀԱՊԿ-ի խորհրդի կազմում կարող են լինել ոչ միայն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները, այլև վարչապետերը:
Արձանագրության նախագիծը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, որից հետո մեր երկիրն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի՝ վարչապետի գլխավորությամբ:
Մեկ այլ արձանագրությամբ՝ ներմուծվում է «կազմակերպության գործընկեր» հասկացությունը. դրանք այն երկրներն ու կազմակերպություններն են, որոնք որոշել են ՀԱՊԿ-ի հետ փոխշահավետ համագործակցություն իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունում կազմակերպության մշտական խորհրդի նիստ է կայացել, որի ընթացքում հայկական կողմը առաջարկ է ներկայացրել կազմակերպությունում որոշումների ընդունման բարձրագույն մարմնում Հայաստանի ներկայացուցչի լիազորությունները փոխանցել երկրի վարչապետին: