Սիցիլիայում հրաբուխ է ժայթքել
Սիցիլիայում գտնվող Էթնա հրաբուխը լավա և հսկա մոխրի սյուն է արտանետել, հրաբխի ժայթքման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը, գրում է The Independent-ը:
Նշվում է, որ ժայթքումն ուղեկցվում է սեյսմիկ բարձր ակտիվությամբ. տարածքում արձանագրվել է շուրջ 130 ստորգետնյա ցնցում, դրանցից ամենաուժգինը եղել է 4,0 մագնիտուդ: Փրկարարներն Էթնայի լանջերից տարհանել են զբոսաշրջիկների, որոնք գտնվել են մոտ 1900 մետր բարձրության վրա:
Տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն փոխանցվում, սակայն որոշ բնակավայրերի փողոցները լցվել են մոխրով:
Զբոսաշրջիկները ստիպված են սպասել, թե երբ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի: