Համացանցի օգտատերերին հուզել է ԱՄՆ-ում անապահով ընտանիքից աշակերտի սուրբծննդյան նվերն իր ուսուցչուհուն (լուսանկար)
ԱՄՆ-ի դպրոցներից մեկի տարրական դասարանի ուսուցչուհի Ռեյչլ Ուրետցկի Պրատը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անապահով ընտանիքից իր աշակերտից ստացած նվերի լուսանկարը:
Արձակուրդներից առաջ դասերի վերջին օրը սովորաբար աշակերտներից ոմանք փոքրիկ նվերներ են անում ուսուցչուհուն՝ վերջինիս կողմից ավելի վաղ ստացած նվերներին ի պատասխան: Աշակերտներից մեկը, որն անապահով ընտանիքից է, դպրոցում անվճար տրամադրվող կոնֆետների իր բաժինը փաթեթավորել ու նվիրել է ուսուցչուհուն:
«Երեխան այնքան էր ուզում ինձ որևէ բան նվիրել, սակայն տալու ոչինչ չուներ»,- մանրամասնել է ուսուցչուհին, ապա հավելել. «Շնորհակա՛լ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, և այն ամենի համար, ինչ ուրիշներն են տալիս: Այդ ամենը, իսկապես, մարդկանց սրտից է բխում»:
Նվերի լուսանկարը հավանել է ավելի քան 120 հազար մարդ: Համացանցի օգտատերերն արձագանքել են դպրոցականի արարքին՝ այն անգին նվեր անվանելով: Օգտատերերից շատերը նկատել են, որ երեխային հաջողվել է մեծահասակների համար բացահայտել նվիրելու իրական իմաստը: «Կարևորը ոչ թե այն է, թե ինչ ես նվիրում, այլ թե ինչու ես նվիրում»,- ասել է նրանցից մեկը: