Բելառուսի նախագահը Ադրբեջանն անվանել է եղբայրական երկիր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, այս մասին գրում է բելառուսական naviny.by կայքը:
Հայտնի է, որ իր շնորհավորական խոսքում Լուկաշենկոն Ադրբեջանն անվանել է եղբայրական երկիր՝ ընդգծելով, որ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն լծված են «ուժեղ ու անկախ պետություն» կառուցելու գործին:
Բելառուսի նախագահը շեշտել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող, բարձր մակարդակի փոխըմբռնման ու փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ:
Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու հետ:
«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել», - ասել էր Բելառուսի նախագահը: