Էրդողանը Թրամփին խոստացել է վերջ տալ Սիրիայում ահաբեկչական օջախներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Twitter-ի իր էջում խոսելով Սիրիայի տարածքից ամերիկացի զինվորականների հետ քաշման մասին, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է վերջ տալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին օջախներին:
Թրամփը նշել է, որ հավատում է Էրդողանի խոստմանն ու ըստ այդմ՝ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու իր որոշումն անփոփոխ է:
«Էրդողանն այն մարդն է, որը կարող է դա անել: Ավելին՝ Թուրքիան Սիրիայի անմիջապես կողքին է: Մեր ուժերը տուն են վերադառնում», - գրել է ԱՄՆ առաջնորդը:
Ավելի վաղ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը գրել է, որ Էրդողանը հավաստիացրել է Թրամփին, որ Թուրքիան կարող է և պատրաստ է պայքարել ԻՊ ահաբեկիչների դեմ, ինչպես դա արել է 2016 թվականին «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ:
Թուրքիայի նախագահը պնդել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ դաշնակից քուրդ զինյալները, որոնց հետ Միացյալ Նահանգները համագործակցում է ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում, իրականում նպատակ չեն հետապնդում պայքարել ահաբեկչության դեմ և ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ հետապնդում են սեփական շահերը:
«Հյուրրիյեթ»-ը նաև հայտնել է, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից դուրսբերման որոշման մասին Թուրքիայի իշխանությունները տեղյակ են եղել դեռ դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ը շուտով լայնածավալ ռազմական գործողություն կսկսի Եփրատի արևելյան ափին դիրքավորված քուրդ զինյալների դեմ:
Թուրքիայի հնարավոր հարձակումից առաջ քրդերի դաշնակից ԱՄՆ-ի՝ Սիրիայի տարածքից զորքի դուրսբերման որոշումը քրդերն անվանել էին «հարված թիկունքից»: