Թուրքիան մտադիր է ՄԱԿ-ում քննարկման դնել Խաշոգջիի սպանության գործը
Թուրքիան աշխատում է այլ երկրների հետ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործը ՄԱԿ-ի օրակարգում ներառելու համար, գրում է РИА Новости-ն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը հղումով:
«Թուրքիան շարունակում է սպանության բազմակողմանի հետաքննություն վարել: Մի քանի երկրների հետ համատեղ մենք աշխատում ենք այդ հարցը ՄԱԿ-ի օրակարգում ներառելու ուղղությամբ»,- ասել է նա:
Արտգործնախարարը հավելել է, որ Անկարան սպասում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիային ու աշխարհին ներկայացնեն երկրում իրականացվող հետաքննության արդյունքները:
«Մեզ դեռ չեն հաղորդել, թե որտեղ է լրագրողի դին, քանի որ նա, ով սպանել ու անդամահատել է Խաշոգջիին, ինչպես նաև այդ հրամանը տվողը Սաուդյան Արաբիայից են»,- ասել է Չավուշօղլուն:
Հայտնի է, որ The Washington Post-ի լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել: