Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել
Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են նավթի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ հիմնել, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հայտարարությունը:
«Ռուսաստանն Ադրբեջանի տնտեսության մեջ տարբեր ձևերով, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների տեսքով 4,2 մլրդ դոլարի ներդրում է արել: Մենք ցանկանում ենք, որ մեր ձեռնարկությունները կենտրոնանան արդյունաբերական ոլորտի վրա, որպեսզի նպաստեն Ադրբեջանի տնտեսությանն ու դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ երկու երկրների տնտեսական կապերին»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը շատ կարևոր է նաև այն առումով, որ փոխանակման հիմնական ապրանքները միայն հումքային չեն, կապված չեն միայն նավթի ու գազի հետ:
Դիվանագետի խոսքով՝ դա նշանակում է, որ առևտուրն իրականացվում է ոչ միայն հումքի, այլև ավելի բարձր՝ վերամշակման մակարդակով:
«Պետության կողմից մենք կաջակցենք ձեռնարկություններին, որոնք, իրենց հերթին, կնպաստեն արդյունաբերական արտադրության զարգացմանը: Մեր ծրագրերը ներառում են նավթի արդյունահանման համար համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»,- ասել է Բոչարնիկովը, ապա հավելել. «Բացի այդ՝ կան նաև գյուղատնտեսության ոլորտում մեքենաշինության ձեռնարկություն հիմնելու ծրագրեր: Մենք շահագրգռված ենք Ադրբեջանին մեր գյուղատնտեսական տեխնիկայի արտադրանքը մատակարարելու հարցում»:
Դեսպանի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի նիստում և տեղ գտել վերջնական փաստաթղթում:
«Հանձնաժողովը համապատասխան հանձնարարականներ է տվել նման ձեռնարկությունների ստեղծմանը նպաստելու համար»,- ասել է նա: