Դատարանը երկարաձգել է Nissan-ի նախկին ղեկավարի կալանքի ժամկետը
Տոկիոյի շրջանային դատարանը 10 օրով երկարաձգել է Renault-Nissan-Mitsubishi ֆրանս-ճապոնական մեքենաշինական միության նախկին ղեկավար Կառլոս Գոնի կալանքը:
Ինչպես հայտնում է DW.com-ը, այս մասին դեկտեմբերի 23-ին տեղեկացրել է դատարանի ներկայացուցիչը: Այժմ Գոնը կալանքից կարող է դուրս գալ 2019-ի հունվարի 1-ից ոչ շուտ:
Կալանքի ժամկետը երկարաձգելու դիմում է ներկայացրել դատախազությունը, որը Կառլոս Գոնին մեղադրում է ընկերության նախագահի պաշտոնն զբաղեցնելիս ֆինանսական խարդախություններ անելու մեջ:
Ինչպես նշվում է, Գոնը կարող էր Nissan-ին վերագրել 1,8 մլրդ իենի չափով (14 մլն եվրո) անձնական կորուստները: Գոնը և Nissan-ի տնօրեն Գրեգ Քելլին ձերբակալվել են Տոկիոյում նոյեմբերի 19-ին՝ Ճապոնիայի ֆինանսական օրենսդրությունը խախտելու կասկածանքով:
Ներքին հետաքննության նյութերի համաձայն՝ երկուսն էլ երկար տարիների ընթացքում նվազեցրել են իրենց եկամուտների մասին տվյալները ներկայացրած հաշվետվություններում և ընկերության ակտիվներն օգտագործել են անձնական նպատակներով:
Հետաքննության տվյալներով՝ Գոնը 2011-ից ի վեր հայտարարագրումից 10 մլրդ իեն է թաքցրել (79 մլն եվրո):