Ռուսաստանում զոհված հանքափորների մարմինները դուրս են բերվել հանքից. դեկտեմբերի 24-ը սգո օր է
Ռուսաստանում լեռնափրկարարները դուրս են բերել Պերմի երկրամասի Սոլիկամսկի շրջանի հանքում բռնկված հրդեհի պատճառով բոլոր զոհված հանքափորների մարմինները:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հանքից դուրս են բերվել 9 հանքափորի մարմինները: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 22-ին: Հանքում գտնվել էր 17 մարդ, որից 8-ը դուրս են եկել հանքից, մյուս 9-ը մնացել են ներսում՝ 364 մետր խորությամբ:
ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների վերացման նախարարությունից հայտնել են, որ հրդեհի բռնկման պատճառը շինարարական աշխատանքներն են եղել:
Ռուսաստանում դեկտեմբերի 24-ը սգո օր է հայտարարվել: