Ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար:
Այս մասին ֆրանսիացի ղեկավարը հայտարարել է Չադի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ավարտվում է վերջինիս երկօրյա այցը:
«Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ «դաշնակիցը պետք է հուսալի լինի»: Միևնույն ժամանակ ֆրանսիացի առաջնորդը նշել է, որ ցանկանում է իր հարգանքը հայտնել գեներալ Ջեյմս Մեթիսին (Պենտագոնի ղեկավարը) այն հայտարարությունների համար, որ նա արել է:
Ավելի վաղ ներկայացրած հրաժարականի մասին հայտարարության մեջ Մեթիսն ասել էր Թրամփին, որ ցանկանում է իր պաշտոնից հեռանալ, որպեսզի նախագահը կարողանա այնպիսի պաշտպանության նախարար գտնել, որի հայացքները նման կլինեն իր տեսակետին:
«Կարող եմ անձամբ հաստատել, որ վերջին մեկուկես տարում Մեթիսը հուսալի զրուցակից է եղել և մշտապես հիշեցրել է, թե ինչպիսին պետք է լինեն դաշնակիցների նպատակները՝ պայքարել ուս ուսի: Երկրի ղեկավարի և զինված ուժերի հրամանատարի համար դա ամենակարևոր սկզբունքն է», - ասել է Մակրոնը: