Էրդողանը Իսրայելի վարչապետին մեղադրել է պետական ահաբեկչության մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաղեստինցիների հանդեպ վարում է պետական ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իսրայելական կողմը չպետք է հանդես գա ուրիշներին ուղղված մեղադրանքներով, քանի դեռ անձամբ է պատասխանատվություն կրում չարագործությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Նեթանյահուին անվանել էր «մարդասպան» և մեղադրել էր «հազարավոր անմեղ պաղեստինցիների մահվան» մեջ, հայտնում է «CNN Turk»-ը։
«Նեթանյահուն ժամանակակից սառնարյուն մարդասպան է, ով պատասխանատվություն է կրում հազարավոր անմեղ պաղեստինցիների սպանության համար»,-ասել է Չավուշօղլուն։
Նեթանյահուն իր թվիթերյան էջում գրել է․
«Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ է, նրա բանակը քրդական գյուղերում կոտորում է կանանց ու երեխաներին․ Թուրքիան չպետք է դաս տա Իսրայելին»: