ԱՄՆ գերագույն դատարանը չի բավարարել միգրանտների հարցով Սպիտակ տան բողոքը
ԱՄՆ գերագույն դատարանը արգելել է Դոնալդ Թրամփի վարչակազմին նոր ներգաղթային կանոններ կիրառել, համաձայն որոնց անօրինական միգրատները չեն կարող դիմել ԱՄՆ-ում ապաստարանի համար, փոխանցում է «Ռադիո Սվոբոդան»։
9 դատավորներից 5-ը մերժել է Սպիտակ տան բողոքը։ Թրամփի վարչակազմը բարձրագույն դատական ատյանում բողոքարկում էր քալիֆորնիական դատավորի հրահանգը։ Նոյեմբերի 20-ին դատավոր Ջոն Տայգարը Սան Ֆրանցիսկոյում որոշել է ժամանակավորապես արգելել Սպիտակ տան կողմից առաջարկված ապաստարանի տրամադրման նոր կանոնների կիրառումը։
Գերագույն դատարանի ներկայացուցիչ, պահպանողական Ջոն Ռոբերտսը, նոյեմբերին անկախ դատական համակարգի առնչությամբ վեճի մեջ մտնելով Թրամփի հետ, միացել է 4 ազատական դատավորներին եւ օգնել նրանց մերժել Սպիտակ տան բողոքը, փոխանցում է Reuters-ը։
Ռոբերտսի ու Թրամփի միջեւ վեճն առաջացել էր այն բանից հետո, երբ նախագահը Ջոն Տայգարին, որը Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանում արգելափակել է ներգաղթային քաղաքականության մասին հռչակագրի գործողությունը, անվանել է «Օբամայի դատավոր»։ Մեկնաբանելով նախագահի խոսքերը՝ Ռոբերտսը հայտարարել է, որ ԱՄՆ-ում չկան Օբամայի դատավորներ կամ Թրամփի դատավորներ, Բուշի կամ Քլինթոնի դատավորներ։