Թուրքիայում 69 պատգամավորի դեմ հայց է ներկայացվել նախագահին վիրավորելու մեղադրանքով
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ 69 պատգամավոր կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ 69 պատգամավորի դեմ հայց է ներկայացվել նախագահին վիրավորելու մեղադրանքով, Անկարայի հանրապետական դատախազությունը դրանից ելնելով պահանջ է ուղարկել Մեջլիսին՝ պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու պահանջով, ինչից հետո նրանց դեմ դատական գործ կհարուցվի: Խորհրդարանի հավանությունից հետո համապատասխան պահանջը կներկայացվի արդարադատության նախարարություն:
Հայտնի է, որ նախագահ Էրդողանին զայրացրել են ընդդիմադիր պատգամավորների՝ սոցցանցերում կատարած հրապարակումները, որտեղ նրանք կիսվել են Էրդողանի հայտնի ծաղրանկարներից մեկով:
Անցյալ տարի Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։
Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:
Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ: