Նիդեռլանդներում հայ ընտանիքի արտաքսման որոշումը չի փոփոխվելու
Նիդեռլանդների իշխանությունները, չնայած ձեռնարկված բոլոր միջոցներին, անփոփոխ են թողել հայ Թամրազյանների ընտանիքի արտաքսման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումը, այս մասին գրում է Dutch news-ը:
Նշվում է, որ միգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարբերսը որոշել է չօգտագործել փախստականներին պաշտպանելու իր իրավունքից և ընտանիքը պետք է արտաքսվի Հայաստան:
Նիդեռլանդների Հաագա քաղաքի բողոքական եկեղեցին շուրջ երկու ամիս շարունակ հոգևոր ծառայություն է մատուցել՝ ընտանիքին արտաքսումից պաշտպանելու համար: Ի պատասխան իշխանությունների որոշման՝ եկեղեցին հայտնել է, որ կշարունակի ծառայությունը:
Շուրջօրյա հոգևոր ծառայությունն անհրաժեշտ է այն առումով, որ ըստ Նիդեռլանդներում գործող օրենքի՝ ոստիկանության ներկայացուցիչներն իրավունք չունեն հոգևոր ծառայության ընթացքի ժամանակ եկեղեցի մուտք գործել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտանիքն այժմ ապաստանել է եկեղեցում:
Նիդեռլանդներում բնակվող 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը, որոնց հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել, նամակով դիմել են Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, թագուհի Մաքսիմային, վարչապետ Մարկ Ռյուտեին՝ խնդրելով թույլ տալ իրենց մնալ երկրում:
Հիշեցնենք, որ Հաագայում գործող Նիդեռլանդների Պետական խորհուրդն օգոստոսի 24-ին հրաժարվել է կացարան տրամադրել Լիլին և Հովիկին՝ որոշում կայացնելով նրանց Հայաստան արտաքսելու մասին, որտեղ նրանք երբևէ չեն բնակվել: Մեկ տարի առաջ Նիդեռլանդներից արտաքսվել էր երեխաների մայրը՝ Արմինե Համբարձումյանը: