Ուկրաինայի Գերագույն ռադայում Պորոշենկոյին կոչ են արել պատերազմ հայտարարել Ռուսաստանին
Ուկրաինացի պատգամավոր Վիտալի Կուպրիյը Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանին պատերազմ հայտարարելու խնդրանքով դիմումի նախագիծն՝ ուղղված նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, փաստաթուղթը կոչվում է «Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված դիմումի բանաձևի նախագիծ Ռուսաստանին պատերազմ հայտարարելու, դիվանագիտական հարաբերությունները խզելու և տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին:
Անցյալ շաբաթ Պորոշենկոն օրենք է ստորագրել Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը լուծարելու մասին: Փաստաթղթի գործունեության ժամկետը կդադարի 2019-ի ապրիլին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նախօրեին կայացած մամլո մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ չնայած Կիևի ջանքերին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունն աճում է: