Ֆրանսիայի ԱԺ-ն հավանության է արժանացրել Մակրոնի սոցիալական ու տնտեսական փոփոխությունների փաթեթը
Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաներից հետո Մակրոնի խոստացած սոցիալական ու տնտեսական բարեփոխումները:
Ինչպես փոխանցում է RT հեռուստաալիքը, իշխանությունների նախաձեռնած արտակարգ միջոցներին կողմ են քվեարկել 153 պատգամավոր, դեմ են եղել 9-ը, խորհրդարանի 58 անդամ նախընտրել են ձեռնպահ մնալ:
Այժմ փաստաթուղթը պետք է փոխանցվի Ֆրանսիայի Սենատ:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: