«Ես լսում եմ քեզ». հայ դասական ժողովրդական երգերը ներկայացվեցին նաև ժեստերի լեզվով
2018թ. դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի «Ես լսում եմ քեզ» խորագրով ներառական մենահամերգը:
Համերգը կազմակերպվել էր «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Համերգին զուգահեռ ցուցադրվում էին նաև Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաների աշխատանքները՝ համանուն «Արվեստը՝ հանուն սոցիալական արդարության» խորագրով:
Ծրագրի շրջանակներում Նաիրյան վոկալ անսամբլի երաժիշտները սովորել են ժեստերի լեզուն և ժեստերի լեզվով են ներկայացնում հայ դասական ժողովրդական երգերը: Ժեստերի լեզուն սովորել են նաև կենտրոնի տարբեր խմբերի ուսուցիչները՝ դրանով ավելի մատչելի դարձնելով արվեստի կրթությունը լսողության խնդիրներ ունեցող երեխաներին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը, ԲՀՀ-Հայաստանի գործադիր տնօրեն Լ. Մինասյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վ. Բուդումյանը:
«Որպես Մշակույթի նախարարության ներկայացուցիչ իսկապես ուրախ եմ մասնակցելու մի միջոցառման, որն իր մեջ այս գաղափարն է կրում: Արվեստի սոցիալական, գուցե նաև՝ քաղաքական, հասարակական դերը իսկապես կարևոր է». իր խոսքում նշեց Վ. Բուդումյանը: