Զախարովան մեկնաբանել է «Հայաստանի նկատմամբ ամերիկյան շանտաժի» մասին Կարասինի խոսքերը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի այն հատվածը, որում նա հույս էր հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան Միացյալ Նահանգների շանտաժին ու ճնշմանը դիմագրավելու համար»:
Իր հերթական ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ցանկացած շանտաժ, որն ուղղված է իր ճանապարհի ձևավորման փուլում գտնվող երկրի դեմ, անընդունելի է:
Հիշեցնենք, որ տվյալ հարցազրույցում Կարասինը, մասնավորապես, անդրադարձել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին: Կարասինի խոսքով՝ Բոլթոնը վիրավորական որակում է տվել հայ ժողովրդի պատմական փորձին՝ այն անվանելով «պատմական կաղապար», ինչպես նաև առաջարկել է Հայաստանին ամերիկյան զենք գնել, հնարավորինս արագ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի՝ ԱԺ ընտրություններում անհրաժեշտ մանդատը ստացած նոր ղեկավարությունն իր մեջ տղամարդկություն կգտնի բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը դիմակայելու համար, ու, առաջնորդվելով ազգային շահերով, կպայքարի ինքնուրույն որոշում կայացնելու ինքնիշխան իրավունքի համար»,-ասել էր Կարասինը:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 44:16-ից.