Հույս ունենք, որ Հայաստանի նոր իշխանությունը տղամարդկություն կունենա ԱՄՆ կողմից շանտաժին դիմակայելու համար. Գրիգորի Կարասին
Հայաստանում ամերիկյան կողմի ակտիվության հետ կապված անհանգստություն պետք է ունենա ոչ Ռուսաստանը, այլ Հայաստանի ժողովուրդը։ Երկրում տեղի ունեցած ռադիկալ փոփոխություններից հետո ամերիկյան ներգրավվածություն Հայաստանի ներքին ու արտաքին գործերին ավելի ու ավելի անպարկեշտ է դառնում։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։
«Ջոն Բոլթոնը իրականում վիրավորական արտահայտություն է արել՝ հայ ժողովրդի պատմական փորձը անվանելով «պատմական կլիշե», ինչպես նաև կոչ է արել գնել ամերիկյան սպառազինություն և որքան հնարավոր է շուտ միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Եթե հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային մասն այդպիսին է, ապա միայն կարելի է պատկերացնել, թե կուլիսներում ինչպես են կապում [հայկական կողմի] ձեռքերը», – ասել է Կարասինը։
Փոխարտգործնախարարը հիշատակել է Ուկրաինայի ու Վրաստանի դեպքերը ու նշել, որ այդտեղ հենց ամերիկյան կողմի դրդմամբ եղել են հեղափոխություններ ու այլ իրադարձություններ, բայց դրանք եղել են ի հաշիվ այդ պետությունների ազգային շահերի. ամերիկյան կողմը, ըստ Կարասինի, չարաշահել է այս պետությունները հանուն իր շահի, և դա պետք է զգուշավորություն հաղորդի մյուսներին։
«Հույս ունենք, որ Հայաստանի ներկա իշխանությունը, որ անհրաժեշտ մանդատ է ստացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իր մեջ տղամարդկություն կգտնի հակադրվելու բացահայտ արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպնդի ինքնուրույն որոշում ընդունելու իր սուվերեն իրավունքը՝ ազգային շահերին համապատասխան», – ասել է Կարասինը։