ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը դիմել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով
ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բարելավման կոչ պարունակող բաց նամակով:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացման առնչվող հարցեր:
Կոնգրեսականները պետքարտուղարին կոչ են արել աջակցել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին, քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ոլորտներում նոր մակարդակի վրա հանել երկկողմ հարաբերությունները:
Նշվում է, որ նամակը հեղինակել են կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին նման քայլ նախաձեռնելու համար: