Հայերի համար փոխհատուցում պահանջող փաստաբանները հանդես են եկել ԱՄՆ դատարանում
Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կողմից գրավված հողերի համար փոխհատուցում պահանջող հայերի փաստաբանները ելույթ են ունեցել իններորդ շրջանի Վճռաբեկ դատարանում։ Նրանք հայտնել են, որ Թուրքիայի գործունեությունը դատապարտող համապատասխան միջազգային օրենքները այն ժամանակ գոյություն են ունեցել, եւ դա պետք է հաշվի առնվի դատական գործընթացում, հայտնում է courthousenews.com-ը։
Կոլեգիայի առջեւ հարց է ծառացած՝ կարող է արդյոք դատարանը որոշում ընդունել միջազգային քաղաքականությանը վերաբերող ռազմական հանցագործության համար, եւ անցել է արդյոք վաղեմության ժամկետը զոհերի ընտանիքների համար, որոնք փոխհատուցում են պահանջում Թուրքիայի այժմյան կառավարությունից։ Դատավոր Էնդրյու Խուրվիցի խոսքերով՝ իրենք, անկասկած, ընդունում են, որ հայերի դեմ գործողություններն անօրինական են եղել, սակայն կոլեգիան պետք է դիտարկի այն հարցը, թե մինչեւ 1945-1946թթ Նյուրնբերգը եղե՞լ է արդյոք ցեղասպանությունն արգելող որեւէ օրենք։ 2010թ․ դեկտեմբերին Ցեղասպանությունն ապրած հայերի սերունդները հայց են ներկայացրել՝ հայտարարելով, որ Օսմանյան կայսրությունը անօրինականորեն գրավել է իրենց նախնիների հողերը եւ անօրինականորեն դրա վաճառքից շահույթ է ստացել։ Հայցվորներ Ալեքս Բակալյանը, Անաիս հարությունյանը եւ Ռիտա Մաղդեսյանը մոտ 65 միլիոն դոլարի փոխհատուցում էին պահանջել եւ որոշում այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար Թուրքիային կարելի է դատել ԱՄՆ դատարաններում։