Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը
Ստամբուլի թիվ 14 առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել պոլսահայ լրագրող և մտավորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:
Ինչպես փոխանցում է «Ակօսը», այսօր պաշտպանական ճառով հանդես է եկել գործով մեղադրյալներից Շամմազ Դեմիրթաշը, որը Դինքի սպանությունից կարճ ժամանակ առաջ հանդիսացել է Ստամբուլի փոխոստիկանապետը: Ենթադրվում է, որ վերջինս տեղյակ է եղել հայ լրագրողի սպանության նախապատրաստման մասին, սակայն չի հաղորդել այդ մասին համապատասխան մարմիններին ու որևէ հակաքայլ չի ձեռնարկել:
Նիստի ժամանակ Դեմիրթաշը հայտնել է, որ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին Հետախուզության կոմիտեից եկած տեղեկությունն իրեն չի հասել: Նա նշել է, որ Հետախուզության կոմիտեից եկած փաստաթղթերն անմիջապես իրեն չեն ուղարկվել, այլ դրանցով զբաղվել են ոստիկանության այլ ենթաբաժիններ: Ըստ նրա՝ սովորաբար վերոնշյալ փաստաթղթերն իրեն հասնում են այն դեպքում, երբ հաստատվում է գործի լրջությունն ու որևէ մեկի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվում:
«Դինքի հետ կապված ինձ տեղեկություն չի փոխանցվել», - նշել է նախկին փոխոստիկանապետը:
Նշենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը 85 է։
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրության առջև: