Չինաստանում տղամարդը չբռնվելու համար կուլ է տվել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ գողացված վզնոցը (լուսանկարներ)
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի քաղաքներից մեկում Հոու ազգանունով 49-ամյա տղամարդը, գնորդ ձևանալով, զարդերի խանութից գողացել է 1.2 մլն դոլար արժողությամբ նեֆրիտե վզնոց, գրում է Daily Mail-ը:
Տղամարդն ու իր հանցակիցը մի քանի անգամ եղել են թանկարժեք զարդերի խանութում՝ ձևացնելով, թե հետաքրքրված են վզնոցով: Հինգերորդ այցի ժամանակ «գնորդները» խնդրել են նորից ցույց տալ վզնոցը: Նրանք բողոքել են, որ խանութի ներսում քարերը լավ չեն երևում: Տղամարդն այն դուրս է տարել՝ «բնական լույսի տակ դիտելու», ապա անհետացել, մինչդեռ նրա հանցակցուհին մնացել է խանութի ներսում:
Ոստիկաններն անմիջապես արձագանքել են կատարվածին: Քսանչորսամյա կինը ձերբակալվել է: Ավելի ուշ պարզվել է, որ զույգը ծանոթացել է ծանոթությունների հավելվածի միջոցով:
Հոուն հայտնաբերվել և ձերբակալվել է օրեր անց, սակայն վզնոցի հետքն անգամ չի եղել: Ռենտգեն հետազոտությունից հետո պարզվել է, որ տղամարդը կուլ է տվել վզնոցի ավելի քան 40 քար, որոնց մի մասը դեռ նրա օրգանիզմում է եղել:
Հայտնի է, որ Հոուն նախկինում դատապարտված է եղել նեֆրիտե զարդերի գողության համար: