Նորատուսցի Ալիկն և Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին (լուսանկար)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։
Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:
Այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ։ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։
Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։