Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնում է ծննդյան 82-ամյակը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր տոնում է ծննդյան 82-ամյակը: Catholic News Agency-ի փոխանցմամբ՝ առաջինը նրան շնորհավորել են «Սուրբ Մարթա» մանկական բարեգործական դիսպանսերի երեխաները։ Այն բացվել է 90 տարի առաջ Վատիկանի աջակցությամբ: Երեխաները Հռոմի պապի ծննդյան նախօրեին նրան տորթ են մատուցել: Այն զարդարված է եղել ամանորյա տոների խորհրդանիշներով: Ֆրանցիսկոս պապը երեխաների հետ անցկացրել է մոտ մեկ ժամ:
2013թ. ընտրված քահանայապետը շարունակում է ապրել Վատիկանի «Սուրբ Մարթայի տուն» հյուրանոցում, իսկ Առաքելական պալատի հարկաբաժիններն օգտագործում է որպես աշխատասենյակ: Արգենտինայից Վատիկան տեղափոխվելուց հետո Ֆրանցիսկոս պապը չի դավաճանել «հասարակ հոգևորականի» սովորույթներին: Նա իր օրը սկսում է առավոտյան 4:45-ին և, ինչպես ինքն է խոստովանել, հաճախ արտասանում է «Լավ տրամադրության աղոթքը»:
«Հումորի զգացումը բարիք է, որը ես խնդրում եմ Աստծուց», – ասել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապի գաղտնիքներից մեկը խորը քունն է: Քահանայապետը քնում է 6 ժամ:
Խորխե Մարիո Բերգոլոն ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին, Բուենոս Այրեսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա Հռոմի 266-րդ պապ է ընտրվել 2013թ. մարտի 13-ին: Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին Հռոմի պապն է, ով ընտրել է Ֆրանցիսկոս անունը: Առաջին Հռոմի պապն է Ամերիկա մայրցամաքից և ճիզվիտների միաբանությունից։