Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձը պետք է անպայման բարձր լինի
Արձագանքելով պատգամավորների աշխատավարձի հետ կապված քննարկումներին, որոշեցի փոքր ուսումնասիրություն կատարել:
Կինս ուսուցչուհի է աշխատում և ամսական՝ առանց պահումների, ստանում է մաքուր 113 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ ունի մեկ դրույք ՝22 ժամ:
Ամեն օր պարապում է միջինը 33 հոգանոց 5 դասարան: Այսինքն, ամեն աշխատանքային օր նա աշխատում է 165 աշակերտի հետ:
Հիմա, 113 հազար դրամը բաժանենք 24 աշխատանքային օրերի վրա, կստանանք 113 000 դրամ / 24 օր = 4708,33 դրամ/օր:
Սա էլ բաժանենք 165 աշակերտների թվի վրա կստանանք 4708,33 դրամ/օր / 165 աշակերտ = 28.5354 դրամ/օր / աշակերտ:
Այսինքն, մեկ աշակերտին մեկ օրում կամ 45 րոպե պարապելու, սովորեցնելու համար ուսուցչին պետությունը վճարում է 28,5354 դրամ:
Չգիտեմ, շատ է , թե քիչ, այդ մասին պետք է համեմատություն անցկացնել այլ պետությունների հետ:
Հա ի դեպ, Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձը պետք է անպայման բարձր լինի, որովհետև նրանց պատասխանատվության մակարդակը, ընդունվող որոշումների նշանակությունը, գործունեության նշանակությունը բավական բարձր է:
Չպետք է համեմատել ԱԺ պատգամավորի աշխատանքը այլ աշխատանքների հետ:
Այնուամենայնիվ, կրթության բնագավառը պետք է լինի պետության թիվ մեկ ռազմավարական նշանակության բնագավառը, և այս բնագավառում ներդրումները ավելի երկարաժամկետ ու հիմնավոր նշանակություն ունեն, քան որևէ այլ բնագավառ»: