Թրամփի հետ կապ ունեցած կամ ունեցող գրեթե բոլոր հիմնարկները ստուգվում են
ԱՄՆ նախագահի կողմից վերջին 10 տարում ղեկավարած գրեթե բոլոր հիմնարկները ֆինանսական ստուգումների թիրախ են դարձել։ Երկրի միանգամից մի քանի նահանգներ պատրաստվում են ստուգումներ իրականացնել գործող նախագահի անունով հիմնված Trump Organization ընկերությունում։ Այս մասին հայտնի է դարձել Washington Post պարբերականին։
Իր հերթին երկրի Գլխավոր դատախազությունը քննում է Թրամփի նախընտրական շտաբի աշխատանքը՝ կապված Ռուսաստանի հետ կապերին առնչվող մեղադրանքների հետ։ Առհասարակ մյուս կազմակերպություններում ևս ստուգումները պայմանավորված են այդ հանգամանքով, քանի որ կասկած կա, որ ներկայիս նախագահի կողմից նախկինում ղեկավարված կառույցները կապեր են ունեցել օտար երկրների իշխանությունների հետ։
Նյու Յորքի դատախազությունը մտադիր է առանձին քննել Թրամփի հետ կապ ունեցող կազմակերպությունների, ու մասնավորապես նրա անունով գործող բարեգործական հիմնադրամի ֆինանսական հոսքերը, քանի որ Սահմանադրությամբ սահմանափակումներ կան նախագահի կողմից օտար երկրներից «նվերներ» ստանալու հարցում։ Կասկածն այն է, որ արտասահմանից կարող էին ֆինանսավորել ոչ թե անմիջապես Թրամփին, այլ նրա բարեգործական հիմնադրամը։