ԱՄՆ-ն հնարավորություն է փնտրում Գյուլենին արտահանձնելու համար․ Չավուշօղլու
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ ներկայում ամերիկյան կողմում հնարավորություն են փնտրում կրոնական գործիչ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական կողմին արտահանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուի խոսքով՝ ամերիկյան կողմում ներկայում ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ գյուլանական կազմակերպությունը խուսափել է հարկերի վճարումից։
Գյուլենը, ով կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող FETO շարժման առաջնորդը, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։ Տասնյակ հազարավոր ուժայիններ, զինծառայողներ հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտվել են գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։
Այդ ժամանակից Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են իրենց հանձնել Գյուլենին, որը որպես քաղհալածյալ բնակվում է Նահանգներում։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը մինչև այս խուսափում էր Գյուլենին արտահանձնելուց, ու նաև այդ էր պատճառը, որ սրվում էին երկու երկրների հարաբերությունները։
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո թուրքական կողմը սկսեց միջազգային մեծ ճնշում գործադրել արաբական միապետության վրա, սակայն Նահանգները որոշեց ավելի մեղմ վարվել արաբների հետ, քանի որ զենքի վաճառքի հսկայական գործարք ունեն նրանց հետ։
Հավանական է, որ հիմա ԱՄՆ-ը գործարքի գնա Թուրքիայի հետ ու արտահանձնի Գյուլենին, որպեսզի Անկարան մոռացության տա Սաուդյան Արաբիայի հետ միջադեպը։