Իսրայելցի զինվորականները Լիբանանից Իսրայել տանող ևս մեկ թունել են հայտնաբերել
Իսրայելցի զինվորականները «Հյուսիսային վահան» արշավի շրջանակներում «Հեզբոլլահին» պատկանող ևս մեկ թունել են հայտնաբերել, որը չորրորդն է: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրը, թունելը Լիբանանից հասնում է իսրայելական տարածք:
«Թունելի առկայությունն Իսրայելի ինքնիշխանության լուրջ խախտում է հանդիսանում», - աղբյուրը մեջբերում է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքը: Թունելի հայտնաբերումից հետո զինվորականներն ականապատել են այն:
Իսրայելցի զինվորականները «Հյուսիսային վահան» արշավն սկսել են անցյալ շաբաթ: Այն ուղղված է Լիբանանի հետ սահմանից Իսրայել տանող թունելների հայտնաբերմանն ու ոչնչացմանը, որոնք, ըստ հրեական կողմի, «Հեզբոլլահն» օգտագործում է երկրի դեմ հարձակումներ իրականացնելու համար: