Սիրիայի քրդերը հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Ասադի ռեժիմի հետ թուրքական ԶՈւ-ի դեմ
Սիրիայի տարածքում կռվող զինված քրդական խմբավորումները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի հետ թուրքական ԶՈւ-ի դեմ հնարավոր նոր մարտերում, գրում է diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդամետ խմբավորման հրամանատարներից Մազլում Քոբանին նշել է, որ իրենք պատրաստ են համարժեք պատասխան տալ թուրքական ԶՈւ-ին:
Սիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն էլ իր հերթին կոչ է արել Սիրիայի իշխանություններին պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու հավելել, որ իրենք պատրաստ են համագործակցության՝ չնայած առկա տարաձայնություններին:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդամենը մի քանի օրից թուրքական ԶՈւ-ն կգրոհի սիրիական Մանբիջը, որտեղ գտնվում են սիրիացի քուրդ զինյալների դիրքերը:
ԱՄՆ Պենտագոնը արդեն զգուշացրել է Թուրքիային խուսափել այդ գործողությունից՝ հիշեցնելով, որ նույն տարածքում գործում են նաև ամերիկացի զինվորականներ: