Սանկտ Պետերբուրգում 58 սենյականոց բնակարան են գտել
Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի շրջանում վաճառքի է մասնաբաժին հանվել 58 սենյականոց բնակարանից: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է անշարժ գույքի շուկայի գործակալներից մեկը:
«Ով նպատակ է դրել իր առաջ այս կյանքում տեսնել ամեն ինչ, նայեք Սանկտ Պետերբուրգում գտնվող այս 58 սենյականոց բնակարանը: Այո այդպիսիները դեռևս գոյություն ունեն՝ անհարմարավետության պատճառով վաճառելիս գլխացավանք դառնալով ինչպես սեփականատերերի, այնպես էլ գործակալների համար», - գրել է անշարժ գույքի գործակալը:
Ինչպես վերջինս մասնավորեցրել է, 58 սենյակ ունեցող կացարանը նախկին հանրակացարան է եղել, որը սեփականաշնորհումից հետո ընդհանուր սեփականությամբ բնակարան է դարձել: Բնակարանում մեկ 50 մետրանոց խոհանոց կա բոլոր բնակիչների համար, իսկ սանհանգույցները նախագծված են մեկը 4 սենյակի համար:
Վաճառքի է հանվել 2 սենյակ 58-ից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 40 քառ. մետր: Մասնաբաժնի սեփականատերն այն գնահատում է 3 մլն ռուբլի: