Ամերիկացին կորցրել է հորը և 57 տարի հետո տանը գտել նրա կմախքը
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սաֆոլք շրջանի բնակիչն իր տան նկուղում հայտնաբերել է անհետ կորած հոր դիակը՝ տեղեկացնում է New York Post-ը։
Մայք Քերոլը եւ նրա զավակները աճյունը գտել են Հելոուինին եւ դիմել են ոստիկանություն, որը հաստատել է, որ այն պատկանում է Ջորջ Քերոլին՝ տղամարդու հորը։
Քերոլ-ավագն անհետ կորել էր 1961թ․, երբ որդին ընդամենը 8 ամսական էր։ Ողջ կյանքում Մայքը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել հոր հետ։ Նրա խոսքերով՝ գուշակն իրեն ասել էր, որ հորը կենդանի թաղել են նկուղում, ինքը փորել է նկուղը եւ գտել կմախքը։
Ոստիկանությունը դեպքը դիտարկում է որպես սպանություն։ Նախնական վարկածով՝ նրա գլխին հարվածել են բութ գործիքով։ Քերոլ-կրտսերն ասել է, թե չի ուզում, որ հետաքննությունը շարունակվի, քանի որ ինքն արդեն իրականացրել է հորը գտնելու երազանքը։