Դույլով արյուն եմ կորցրել և այտուցվել.Մոսկվայում քթի վիրահատությունից 9 օր հետո ուշքի եկած Կարոլինա Սարգսյանը դատի կտա բժիշկներին
Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված և վերջերս ուշքի եկած 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնել է, որ 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել, և որ իր փրկությունը հրաշք է եղել:
«Ախտորոշումը շատ ծանր էր, ես դույլով արյուն եմ կորցրել, ինձ չէին կարողանում արյուն տալ, այն դուրս էր ցայտում քթից և ամեն տեղից, որտեղ կաթիլային էին ցանկանում միացնել կամ ներարկում անել: Ես նմանվել էի փուչիկի: Դրա պատճառը նրանց կաթիլային միացնելու սարքերն էին: Երբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ես 120 կգ էի կշռում, այսինքն ես այտուցվել էի մինչև 120 կգ: Այտուցվել էր ուղեղս և բոլոր օրգաններս: Իմ փրկությունը հրաշք էր», - ասել է Կարոլինան РЕН ТВ-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրահատության ժամանակ հիվանդի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, մասնավոր կլինիկայի աշխատակիցները, որտեղ արվել է պլաստիկ վիրահատությունը, չեն կարողացել կանգնեցնել արյունահոսությունն ու շտապ օգնություն են կանչել: Աղջկան այլ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ դեղորայքային քնի մեջ են գցել:
Կարոլինան նշել է, որ ամբողջական կազդուրման համար իրեն անհրաժեշտ է վերականգնողական կուրս անցնել:
Նրա փաստաբան Անդրեյ Միշոնովն, իր հերթին, նշել է, որ ներկա պահին դատական հայց է նախապատրաստվում բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար:
Կարոլինան վիրահատվել է նոյեմբերի սկզբներին Մոկսվայի «Սֆերա» մասնավոր կլինիկայում: Ներկա պահին կլինիկայի գլխավոր բժիշկն ու վիրահատությունն իրականացրած բժիշկը ձերբակալված են: