Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի հետ
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիտցենբերգերի հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանի կողմից խաղաղությանը սպառնալիքների վերացման հարցերով։
Դեկտեմբերի 13-ին՝ կոմիտեի նիստին Մենենդեսը աջակցություն է հայտնել երկու թեկնածուներին, սակայն հայտնել է նաեւ նրանց աշխատանքներից ունեցած սպասելիքների մասին։
«Ես սատարում են նրանց թեկնածությունը, սակայն ակնկալում եմ սերտ համագործակցել տիկին Թրեյսիի հետ այն հարցերում, որտեղ նա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կսատարի Հայաստանի ներկա ջանքերը հաշվետու, քաղաքացիների առջեւ պատասխանատու կառավարման սատարման ուղղությամբ, կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ ջանքերին»,–հայտարարել է Մենենդեսը։
Նա նաեւ գովասանքի խոսքեր է ասել Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների համար. «Հայաստանը եւ Կովկասի տարածաշրջանը շարունակում են կենսական կարեւորություն ներկայացնել տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ Համաձայն ԵԱՀԿ–ի՝ ընտրությունները Հայաստանում անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես անհամբեր սպասում եմ աջակցել կառավարության ջանքերին ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների, դինամիկ տնտեսության ստեղծման ուղղությամբ եւ դեմ եմ հանդես գալիս ՀՀ ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի դեմ»,–նշել է նա։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասով էլ Մենենդեսը շեշտել է, որ հույս ունի երկխոսություն վարել նրա հետ, որ վերջինս համոզի Ադրբեջանին հրաժարվել սպառնալիքներից։