Չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Գյումրիում դեկտեմբերի 3-ին հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու եւ մահ պաճառելու դեպքի կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ այդ միջադեպը դժգոհության ալիք է բարձրացել. շատերը կատարվածը համեմատել էին գյումրեցի ընտանիքի սպանության դեպքի հետո, որը դարձյալ կատարել էր ռուս զինծառայող Վ. Պերմյակովը։
ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում ասվում է.
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին:
Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ եւ չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաեւ ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին եւ մտերիմներին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը):
Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող: