Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Թրամփ
«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ~, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ»,- «Ամերիկայի ձայն»-ին պատմել է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
Կայքի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքի շրջանակներում Միացյալ Նահանգներն ուղղակի օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին:
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում և կրոնական կազմակերպությունների միջոցով»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը, մյուս կրոնականները արտերկրից էին ժամանել:
«Այս փաստաթղթով մեր պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց»,- Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող, արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ՝ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև:
«Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում»,- ասել է արքեպիսկոպոսն՝ ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված. «Ես հայ եմ, ասացի: Օ~, հայերն, ասաց, խելացի և աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի, և բարեկամներդ են»: