Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը:
«Այսօր հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք բարեկամաբար քննարկեցինք միգրացիայի հարցը, Կենտրոնական Ամերիկայում ու մեր երկրում աշխատատեղերի ստեղծման նպատակով համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը»,- գրել է Լոպես Օբրադորն թվիթերյան իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդը հայտնել էր, որ Մեքսիկայի դաշնային կառավարությունը մտադիր է ավելի քան 30 մլրդ դոլար ծախսել առաջիկա 5 տարում երկրի հարավային շրջաններից բնակչության արտագաղթը կանխելու համար: Նա նաև նշել էր, որ Մեքսիկայի իշխանությունները տարածաշրջանի զարգացման համապարփակ ծրագրի մշակման նպատակով կհամագործակցեն Հոնդուրասի, Գվատեմալայի և Սալվադորի իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերից Կենտրոնական Ամերիկայի երկրներից ներգաղթյալների մի քանի «քարավան» շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահման: Դրանցում ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 10 հազարի: