Չալդրանյանը Մակունցի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր՝ դեկտեմբերի է12–ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:
Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից:
Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Թատերախումբն ունի իր թեկնածուները՝ գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան: