Մոսկվայում կկանգնեցվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Մոսկվայում քննարկվում է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը:
Московский комсомолец-ը հայտնում է, որ շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը Զամոսկվորեչիեում, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում:
Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:
Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում ջավախքյան սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի քաղաքային դումայում հավանության են արժանացրել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը:
Վերջինս հայտնել է նաև, որ հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: