Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մտավախություն ունի նրա վերաբերյալ, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմած դեմոկրատները կարող են իրեն պաշտոնանկ անել:
Այս մասին գրում է CNN-ը՝ Թրամփին մոտ քաջատեղյակ աղբյուրին հղումով: Աղբյուրի փոխանցմամբ՝ 72-ամյա ղեկավարը պաշտոնանկ արվելու հեռանկարը միանգամայն իրատեսական է համարում:
Նախօրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է:
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում կոնգրեսականը չի բացառել, որ նախագահի պաշտոնը լքելու նույն օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել:
«Իրական հեռանկար կա առ այն, որ նախագահի պաշտոնը լքելու օրն Արդարադատության նախարարությունը կարող է մեղադրանք առաջադրել Թրամփի դեմ»,-ասել է Շիֆը՝ մանրամասնելով, որ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի վերջերս արած խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել:
Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում:
Հայտնի է, որ դա տեղի է ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում: Թրամփն ամեն ինչ արել է իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը կանխելու համար: Երկու պոռնոաստղն էլ խոշոր գումար են ստացել Թրամփից ու համաձայնել լռել: