Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՊՆ-ում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ (լուսանկարներ)
Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Ընդդեմ սեռական բռնության» քարոզարշավի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, դեկտեմբերի 10-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, հանդիպել կին զինծառայողների հետ եւ քննարկել ծառայության հետ կապված հարցեր:
Նույն օրը ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է զինված ուժերում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման թեմաներով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, փորձագետներ եւ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված «Պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների» ծրագրի կատարողականը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջեւ կնքված ամենամյա համագործակցության պլանի շրջանակներում կատարված աշխատանքները:
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը հանդիպման մասնակիցներին ողջունել է մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ եւ ներկայացրել օրվա խորհրդին նվիրված ՀՀ պաշտպանություն նախարարի ուղերձը: Ա. Ավետիսյանը հավաստիացրել է, որ պաշտպանության նախարարությունը շարունակելու է հետեւողականորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ խթանումը զինված ուժերում` որպես զինված ուժերի կայունության ապահովման կարեւոր նախապայման: